Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղ հիվանդությունը կարող է բուժվել

Քաղցկեղ հիվանդությունը կարող է բուժվել

Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 12 մլն քաղցկեղով հիվանդ, իսկ 7 մլն-ը մահանում է այդ հիվանդությունից։ Մեր երկրում այս հիվանդության աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 2-4 տոկոս։ 2008 թ. հանրապետությունում հայտնաբերվել է 7 336 քաղցկեղով հիվանդ։

 

Վիճակագրական տվյալները, ըստ մասնագիտական դիտարկումների, այդքան էլ մտահոգիչ չեն, պարզապես խնդիրն այն է, որ հիվանդների 45 տոկոսը բժշկական հետազոտության է դիմում հիվանդության ոչ վաղ շրջանում, ինչը խանգարում է հիվանդության արդյունավետ բուժմանը։ Հանրապետությունում տարեկան արձանագրվում է 7 հազար հիվանդ, որոնցից 5 հազարը մահանում է։ Փետրվարի 4-ը քաղցկեղի համաշխարհային օրն է։

 

Ինչպե՞ս եւ ի՞նչ մեթոդներով է Հայաստանի առողջապահական համակարգը պայքարում այս հիվանդության դեմ։ Երեկ ուռուցքաբանութության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ իր մտահոգությունը հայտնելով այս հիվանդության վերաբերյալ։ Նախ՝ քաղցկեղը առաջին փուլում բուժելու դեպքում կարելի է 90-95 տոկոս հաջողության հույս ունենալ։

 

Երկրորդ փուլում այն կարող է ունենալ բուժման մինչեւ 55 տոկոս հավանականություն, իսկ ավելի ուշ հայտնաբերելու դեպքում այդ ցուցանիշը նվազում է՝ ընդամենը 10-12 տոկոս։ «Որքան շուտ է հայտնաբերվում քաղցկեղը եւ որքան մարդն ուշադիր է իր առողջության նկատմամբ, այնքան մեծ են հաջողությունները»,-ասում է կենտրոնի փոխտնօրենը։

 

Նրա տեղեկացմամբ, այժմ կենտրոնում հաշվառված է քաղցկեղով հիվանդ ավելի քան 29 հազար մարդ։ Նրանցից 15 707-ը բուժվել է 5 տարի առաջ։ «Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից։ Այն ընդամենը հիվանդություն է եւ այն չունի իրեն բնորոշ եւ համապատասխան նախանշանները, ուստի կարող է քողարկվել։

 

Մեր պետությունն այսօր տվել է առաջնային օջախում անվճար՝ պետպատվերի շրջանակներում տարին մեկ անգամ ախտորոշվելու հնարավորություն։ Այն սոնոգրաֆիկ քննություն է, արյան անալիզ եւ այլն։ Հետազոտության արդյունքները հաստատվում են կենտրոնում»,–նշեց մասնագետը։ Ինչպիսի՞ն է իրավիճակը մարզերում։

 

Բնակիչները կարո՞ղ են առանց կենտրոն դիմելու տեղում հետազոտվելու հնարավորություն ունենալ։ Կենտրոնի փոխտնօրենի տեղեկացմամբ, բնականաբար, ոչ բոլոր մարզերում կան մասնագիտական կենտրոններ՝ հիշեցնելով, որ քաղցկեղով հիվանդի բուժումը աշխարհում ամենաթանկ բուժումներից մեկն է, եւ անգամ զարգացած երկրներում ապահովագրություն ունեցող մարդիկ ամբողջովին չեն ստանում անհրաժեշտ փոխհատուցումը հիվանդության բուժման դիմաց։ Կասկած հարուցելու դեպքում բժշկական կենտրոնները հիվանդին ուղեգրում են մայրաքաղաք՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտվելու։ Փոխտնօրենի պարզաբանմամբ, գոյություն ունեն տարբեր գործոններ, որոնք կարող են մարդու օրգանիզմում քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

 

Տարիների ընթացքում տարբեր ներքին եւ արտաքին ազդակներից կատարվում է բջիջների փոփոխություն։ Եթե այդ ազդակները լինում են երկարատեւ եւ ստանում են քրոնիկ բնույթ, ապա այդ պարագայում կարող է քաղցկեղ առաջանալ։ Օրգանիզմի իմունային համակարգը կարող է այդ գործընթացները կանխել, բայց քանի որ մարդու դիմադրողականությունը թուլանում է, օրինակ՝ ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործման եւ անկանոն սնվելու պատճառով մարդու օրգանիզմը այլեւս ի վիճակի չի լինում կանխել հիվանդության առաջացումը։ Ներքին ուժերի վրա ազդում են նաեւ այլ ազդակներ, մաանավորապես՝ սթրեսները։

 

Գագիկ Բազիկյանի դիտարկմամբ, նկատվում է հիվանդության երիտասարդացման միտում։ Պատճառը, մասնագետի պարզաբանմամբ, նախ գենետիկ գործոնն է, այնուհետեւ բազմաթիվ հորմոնալ հավելանյութերի օգտագործումը, անորակ սնունդը եւ այլն։ Քաղցկեղի բուժման տարատեսակներից մեկն էլ քիմիաթերապիան է, որն իրականացվում է ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Թե որքանո՞վ է բարձր բուժման այս մեթոդի արդյունավետությունը, պրն Բազիկյանի պարզաբանմամբ, այն ունի լուրջ հաջողություններ եւ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ դանդաղեցնելով հիվանդության տարածումը։ Միայն վիրահատական միջամտությամբ հնարավոր չէ ամբողջությամբ բուժել հիվանդին։ Ի դեպ, նշենք նաեւ, որ բջջային հեռախոսների պարբերական օգտագործումը եւ երկարատեւ հաղորդակցվելը եւս բացասական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա։ Կենտրոնի փոխտնօրենի խոսքերով, կան սարքեր, որոնց միջոցով որոշակի հեռավորությունից մարդը կարող է հաղորդակցվել առանց վնաս հասցնելու առողջությանը։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ